Առողջ կին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին
Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: 45-ն անց կանանց յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում:
Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:
Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:
Ախտանշան 1. մակընթացություն
Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Դաշտանադադարային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:
Դա դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում հանկարծակի տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու հաճախասրտությունը:
Մակընթացությունները, սովորաբար, կարճատև են` 30 վայրկյանից 2-3 րոպե:
Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղերի ազդեցությամբ:
2. Գիշերային հիպերհիդրոզ
Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որն անմիջական ազդեցություն է ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, տեղի է ունենում քրտնարտադրություն: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ո՛չ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
3. Անկանոն դաշտան
Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, դաշտանը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն, նվազ, ուշացումներով. դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Եթե մեկ տարի դաշտան չի լինում, դա համարվում է դաշտանադադարի սկիզբ:
4. Հեշտոցի չորություն
Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության գործընթացները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցում , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից է հեշտոցում օտար մարմնի առկայության զգացողությունը: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:
Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել տալ մի քանի տարի: Հիմնական պատճառն էսթրոգենների քանակի նվազումն է (կանանց սեռական հորմոններ):
5. Անքնություն
Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են: Էսթրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը, հանգեցնում է անքնության:
Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու նպաստում քնին:
6. Տրամադրության տատանումներ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և, անգամ, ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 տարեկան ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները, համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
7. Սեքսուալ հակման նվազում
Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ:
Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
8. Փխրուն եղունգներ, բարակած մազեր
Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ: Դա բավականին տարածված խնդիր է, հանդիպում է դաշտանադադարային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էսթրոգենների անբավարարությունից ո՛չ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
9. Սրտի հետ կապված խնդիրներ
Կանացի հորմոնի` էսթրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էսթրոգենն օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային գերճնշումով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
10. Օստեոպորոզ
Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես, դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:
Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
11. Անմիզապահություն
Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է: Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
12. Քաշի ավելացում
Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ամբողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:
Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
13. Մկանային ցավեր ու գլխացավեր
Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարման հետ:
14. Հիշողության խնդիրներ
Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էսթրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
15. Ալերգիա
Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:
Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ, բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:
Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել:
Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:
|
Կարդացեք նաև
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն